ԻՆՏԵՐՆԵՏ ՌԱԴԻՈ «ՄԵՆՔ»

ՍԿԻԶԲ

Համացանցային ռադիոյի գաղափարը մի խումբ չտեսնող և թույլ տեսնող խանդավառ երիտասարդների նախաձեռնությունն է, որն իրականություն է դարձել Հայաստանի կույրերի միության Երևանի Ս. Շահնազարյանի անվան Կույրերի մշակույթի տանը (ՀԿՄ ՄՏ)՝ շնորհիվ դրամաշնորհի , որը «Հայաստանի Ինտերնետ Հանրություն» հասարակություն կազմակերպության 2016թ. ստացավ «Միջազգային ինտերնետ հանրությունից»:  Ռադիոյի անձնակազմը սկզբում ձևավորվեց ՀԿՄ ՄՏ համակարգչային կենտրոնի հրահանգիչներից, այնուհետև սկսեց ընդլայնվել:

Ինտերնետ հանրություն կազմակերպության տնօրեն Իգոր Մկրտումյանը միջոցառման ժամանակ խոսեց տեսողության խնդիրներ ունեցող անձանց կողքին լինելու կարևորության մասին:
«Ես շատ ուրախ եմ մասնակցելու համացանցային ռադիոյի բացման միջոցառմանը: Մենք երբեք չպետք է մոռանանք, որ մեր կողքին ապրում և աշխատում են բազմաթիվ մարդիկ, ովքեր մեր օժանդակության կարիքն ունեն: Ինչպես ասել է Գարեգին I կաթողիկոսը՝ մարդկանց ամենամեծ մեղքը ութերորդ մահացու մեղքը՝ անտարբերությունն է: 2011 թ. իվեր մեր կազմակերպությունը որդեգրել է այդ քաղաքականությունը՝ այսինքն չտեսնող և թույլ տեսնող երիտասարդների օժանդակումը: Ինտերնետային կենտրոնի բացումը, համակարգչային սենյակն իր սարքավորումներով և ապա այս ռադիոյի բացումը այդ բանի վկայությունն են: Այս մարդիկ բազմատաղանդ են, և եթե մենք նրանց հնարավորություն տանք և ստեղծենք պայմաններ, գուցե մտքի և գործի մի այնպիսի պոռթկում լինի, որ մեր երկիրն ավելի արագորեն կարողանա զարգանալ»,- նշեց Իգոր Մկրտումյանը:

Գրող հրապարակախոս Զորի Բալայանը խոսեց իր զգացողությունների մասին.

«Միշտ և անընդհատ զարմանում եմ, երբ գալիս եմ այստեղ: Նրանք չեն տեսնում, բայց բազմաթիվ բարձունքներ են հաղթահարել՝ շախմատի չեմպիոններ են, գրողներ են, երգիչներ, պրոֆեսորներ, մարզիկներ…

Ես կարծում եմ, որ մենք պետք է շատ հաճախ գանք այստեղ: Գանք ոչ թե միայն զարմանալու, այլ ուրախանալու: Երջանիկ եմ այս պահին, երբ դուք ստացաք ևս մեկ հնարավորություն, որպեսզի կապը լինի արդեն ողջ մոլորակով»:

Ռադիո «Մենք»-ի թիմն ամենաուրախն էր այսօր, քանի որ նրանց երազանքներից մեկը արդեն իսկ իրականություն է: Նրանք այսուհետ հնարավորություն կունենան խոսելու այն ամենի մասին, ինչը կարևոր կլինի թե՛ իրենց, թե՛ ողջ հասարակության համար:

«Ես ցանկանում եմ, որ այս ռադիոն լինի հասարակության մեջ ձևավորված սխալ կարծրատիպեր կոտրող մի զենք: Նաև ցանկանում եմ, որ այն չտեսնողները, ովքեր դեռևս փակված են տներում, մեր ռադիոյի շնորհիվ ոգևորվեն: Ոգևորվեն թե՛ այստեղ գտնվող մեր ավագ սերնդի, թե մեր՝ երիտասարդներիս օրինակով: Հուսով եմ, որ բոլորս ապագայում ականատես կլինենք մեր ռադիոյի հաջողություններին: Ես ուրախ եմ, որ տեսողության խնդիրներ ունեցողերիտասարդները համախմվել են և միասին ծավալում են գործունեություն»- նշեց Ռադիոյի ստեղծագործական թիմի ներկայացուցիչ Սիփան Ասատրյանը:
Իսկ Անդրանիկ Քոչարյանը ողջ թիմի կողմից շնորհակալություն հայտնեց ծրագրի աջակիցներին՝ Իգոր Մկրտումյանին, Յուրի Ավետիսյանին, Արմեն Ազարյանին և բոլոր այն մարդկանց, ովքեր «թև ու թիկունք» եղան այս գաղափարների իրականացման գործին:

Միջոցառման պաշտոնական բացումից հետո կտրվեց ձայնագրման ստուդիայի կարմիր ժապավենը, որից հետո համացանցային ռադիո Մենքի ստեղծագործական թիմն ու նրանց ընկերները ժամեր շարունակ գեղեցիկ համերգային ծրագրով, երգ ու պարով հանդես եկան, գինու լի գավաթներով շնորհավորեցին միմյանց՝ այս նոր նախաձեռնությանիրականացման կապակցությամբ:

ՀՅՈՒՐԵՐԻ ԵԼՈՒՅԹՆԵՐԸ

ՆՊԱՏԱԿԸ

Ռադիո «Մենք»-ի հիմնական նպատակը տեսողական խնդիրներ ունեցող անձանց համար ճշգրիտ և կանոնավոր տեղեկատվության ապահովումն է հանրային կյանքի տարբեր ոլորտների վերաբերյալ, ինչպես նաև նրանց ինտեգրման գործընթացին առավել արդյունավետ աջակցությունը:

Հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ այսօրվա մարդասիրական վերաբերմունքը ենթադրում է հոգեբանական և սոցիալական վերականգնողական աշխատանքների համակարգ նրանց տարիքային բոլոր փուլերում: Այդ պատճառով այսօր բոլոր քաղաքակիրթ երկրներում մեծ աշխատանքներ են տարվում չտեսնողներին աջակցելու և նրանց հասարակության լիիրավ անդամներ դառնալու ուղղությամբ:

Այդ գործընթացում մեծ տեղ են գրավում համակարգչային տեխնոլոգիաները: Դրանցից մեկը համարվում է համացանցային ռադիոն: Այն նույնպես տեղեկատվության տարածման միջոց է, ինչպես սովորական ռադիոն, սակայն ծրագրերի, երաժշտության հեռարձակումը կատարվում է համացանցի միջոցով՝ աշխարհի ցանկացած կետում, որտեղ կա համացանցի հասանելիություն: Եվ դա համարվում է այս ռադիոյի առավելությունը:

Այս համացանցային ռադիոն կարող է էականորեն փոխել չտեսնող և թույլ տեսնող անձանց կյանքը՝ տալով նրանց նոր հնարավորություններ: Այն տեղեկատվություն է փոխանցում հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական կյանքի վերջին իրադարձությունների մասին, տրամադրում է հարթակ՝ հաշմանդամություն ունեցող անձանց հաղորդակցման համար, խնդիրներ և առաջարկներ է  ներկայացնում իշխանություններին և հասարակական կազմակերպություններին, ցուցաբերում է իրավաբանական, հոգեբանական աջակցություն, տարածում է մշակութային բարձրագույն արժեքներ, աջակցում է հաշմանդամություն ունեցող անձանց բազմակողմանի զարգացմանը և կրթությանը: Նաև հանդիսանում է միջնորդ՝ չտեսնողների, նրանց ծնողների, մասնագետների, սոցաշխատողների միջև փորձի փոխանակման գործում:

Քանի որ հայերը սփռված են ողջ աշխարհով և այդ աշխարհասփյուռ հայերի մեջ կան բազմաթիվ չտեսնողներ ևս, համացանցային ռադիոյի դերը կարևորվում է միմյանց հետ կապ ստեղծելու, համագործակցելու, գաղափարների փոխանակման և այլ աշխատանքներ կատարելու գործում:

Ռադիոյում պատրաստվելու են թե՛ հատուկ հաղորդումներ՝ ուղղված տեսողական խնդիրներ ունեցող անձանց, թե՛ իրազեկող հաղորդումներ, որոնք կհետաքրքրեն ցանկացած մարդու:

Նշենք, որ մտադրություն կա այս ռադիոյի շնորհիվ տեսողության խնդիրներ ունեցող, ապա նաև Հայաստանի այլ հաշմանդամություններ ունեցող Երիտասարդներին տրամադրել խոսափող՝ վեր հանելու իրենց հուզող հարցերը: