Հոգեբան, թրեյնինգավար, ոչ ֆորմալ կրթության ուսուցանող, World Independent Youth Union Կազմակերպության անդամ, Գոլբոլի ՀՀ առաջնության առաջին մրցանակի գավաթակիր, «Հանուն հավասար հնարավորությունների» մրցաշարում առագաստանավային սպորտի գավաթակիր, ՀՀ հաշմանդամային սպորտի փառատոնի շրջանակներում լողի առաջին մրցանակակիր:

Ռուդոլֆ Զաբռոդինը 11 տարեկանում ձեռք է բերում հաշմանդամություն, որից հետո կյանքի ընթացքը բնականաբար սկսում է այլ կերպ ընթանալ: Դա մի ժամանակ է, երբ մարդու հետագա կյանքը միայն իր ձեռքերում է` հանձնվել թե շարունակել զարգանալ, հանձնվել թե շարունակել ապրել ու ապրեցնել:

Ռուդոլֆն ավարտել է կույրերի և թույլ տեսողությամբ երեխաների երեկոյան դպրոցը, այնուհետև 2007-2008 թթ. ընթացքում կամավորական աշխատանքներ է վարել Վիլնյուսի երրորդ մանկատանը, որի ընթացքում իր ծավալած ակտիվ գործունեության արդյունքում նպաստել է շատ երեխաների հոգեբանական ճիշտ զարգացմանը և իր կատարած աշխատանքի համար ստացել է շնորհակալագիր:

Վերադառնալով ՀՀ 2008- ին ընդունվել է Երևանի Հյուսիսային Համալսարանի հոգեբանության ֆակուլտետ, որտեղ երիտասարդության շրջանում որակի ապահովման հետազոտական ծրագիր անցկացնելու համար ստացել է շնորհակալագիր , ինչպես նաև լավագույն ուսանողի կոչում:

Եղել է երիտասարդների փոխանակման ծրագրի ղեկավար, որը տեղի է ունեցել Լեհաստանում: 2012 -ին ավարտել է համալսարանը `ստանալով բակալավրի աստիճան, այնուհետև ընդունվել է Երևանի Պետական Համալսարան, որն ավարտել է Կարմիր դիպլոմով և ստացել է մագիստրոսի աստիճան:

Անց է կացրել ավելի քան 340 թրեյնինգներ և բազմաթիվ սեմինարներ տարբեր համալսարաններում և ՀՀ գրեթե բոլոր մարզերում:

Սպորտի բնագավառում ունի 11 շքանշան, հանդիսանում է Գոլբոլի բացարձակ չեմպիոն:

Այսօր Ռուդոլֆն արդեն տասը տարի է, ինչ աշխատում է Հույսի Կամուրջ ՀԿ -ում, որպես շահերի պաշտպան, ուսուցանող – թրեյներ, խմբավար:

Նրա հիմնական գործունեությունն ուղղված է հաշմանդամություն ունեցող երիտասարդների լիարժեք ակտիվացմանն ու ներառմանը հասարակության մեջ:

Ռուդոլֆն այժմ նաև ռադիո Մենքում հաղորդավար է, որտեղ վարում է «Հոգեբանությունը կյանքում» իր հեղինակային ծրագիրը: