Բանասեր, սփյուռքագետ, տիֆլոմանկավարժ, չտեսնողների տարածական կողմնորոշման հրահանգիչ: 4 տարեկանում կորցրել է տեսողությունը:

1996-2002 թթ. հաճախել է Ճամբարակի N2 միջնակարգ դպրոց, 2002-2006 թթ. ուսումը շարունակել է Երևանի Ն. Տիգրանյանի անվան տեսողության խանգարումներ ունեցող երեխաների N14 հատուկ դպրոցում:

2006-2010 թթ. սովորել է Երևանի պետական համալսարանի Հայ բանասիրության ֆակուլտետում՝ գերազանց առաջադիմությամբ՝ ստանալով բակալավրի աստիճան, և ճանաչվել 2010 թ. ԵՊՀ լավագույն ուսանող:

2010-2012 թթ. գերազանց առաջադիմությամբ սովորել է ԵՊՀ Սփյուռքագիտության բաժնի մագիստրատուրայում:

2014-2016 թթ. նույնպես գերազանց առաջադիմությամբ սովորել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան պետական համալսարանի Հատուկ կրթության ֆակուլտետի Տիֆլոմանկավարժության բաժնի մագիստրատուրայում:

2010 թ. արժանացել է ոսկե մեդալի՝ դպրոցականների ասմունքի փառատոնում, իսկ Համո Սահյանին նվիրված ասմունքի փառատոնում՝ 2-րդ մրցանակի:

Հաջողություններ է արձանագրել հաշմանդամային սպորտի ասպարեզում

Զբաղվել է լեռնադահուկային սպորտով, գոլբոլով, որի մրցաշարերին արժանացել է արծաթե և բրոնզե մրցանակների, այժմ զբաղվում է շու դաուն մարզաձևով, որի մրցույթում զբաղեցրել է 3-րդ տեղ:

2015թ. «Aspire» ծրագրի շրջանակներում «Կրթություն բոլորի համար, հավասար իրավունքներ, հավասար հնարավորություններ յուրաքանչյուրին›› թեմայով պատմվածքի մրցույթի հաղթող է ճանաչվել:

Հարուստ է նաև տեղական և արտասահմանյան սեմինարների և կոնֆերանսների մասնակցության նրա փորձը:

2011 թ. մասնակցել է «Չտեսնողների տարածական կողմնորոշման սեմինարին» (Հայաստան, Երևան), 2012 թ., «Չտեսնողների տարածական կողմնորոշման ինստրուկտորների պատրաստման» սեմինարին (Լեհաստան, Պոզնան)՝ ստանալով տարածական կողմնորոշման հրահանգչի հավաստագիր, 2014 թ. «Challenge For You Change From You» չտեսնող մարդկանց խնդիրներին նվիրված սեմինարին (Վրաստան, Բակուրյան), 2015 թ., որպես տարածական կողմնորոշման մասնագետ մասնակցել է «Мамина школа» ծրագրին (Լեհաստան, Պոզնան), 2015 թ., զեկուցմամբ է հանդես եկել ՏԵՄՊՈՒՍ-ի ASPIRE ծրագրի «Հատուկ կարիքներով անձանց մուտքը հասարակություն» ամփոփիչ կոնֆերանսում (Վրաստան, Բաթում), 2015 թ. ելույթ է ունեցել «Ներառական կրթության ժամանակակից խնդիրներն ու մարտահրավերները» միջազգային գիտագործնական գիտաժողովին, (Հայաստան, Երևան):

2008 և 2014 թ. մասնակցել է «Բազե» համահայկական երիտասարդական հավաքներին, 2008 թ. «Բազե» համահայկական երիտասարդական հավաքում ճանաչվելով «Բազե պոետ» մրցույթի 3-րդ մրցանակակիր:

Ունի 2 հրատարակված հոդված՝ «Հատուկ կրթության հիմնախնդիրները» գիտամեթոդական հանդեսի 3-րդ համարում (2015 թ.) և «Ներառական կրթության ժամանակակից խնդիրներն ու մարտահրավերները» միջազգային գիտագործնական գիտաժողովի հոդվածների ժողովածուում, (2015 թ.):

Աշխատանքը.

2010-2013 թթ. կամավոր հիմունքներով աշխատել է Արագածոտնի մարզի Օհանավան համայնքի կիրակնօրյա դպրոցում՝ որպես ուսուցիչ:

2012 թ. Հանգրվան ՀԿ-ում աշխատել է որպես չտեսնողների տարածական կողմնորոշման հրահանգիչ:

2013-2014 թթ. եղել է Ֆորտե հաշմանդամների գիտամշակութային ՀԿ-ի տնօրենը, 2014-2016 թթ. աշխատում է Ազգային առաջնորդության ինստիտուտում՝ որպես տեղեկատվության և հաղորդակցության համակարգող:

Մենք համացանցային ռադիոյի հաղորդավար է:

Կյանքում իր առաքելությունն է համարում հաշմանդամություն ունեցող անձանց վերաբերյալ հասարակության իրազեկվածության մակարդակի բարձրացման աջակցումը և ստեղծված կարծրատիպերի փոփոխման գործի նպաստումը, ինչի համար չի խնայում ջանք ու ժամանակ: